Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու մահացածներից մեկը գործարանի այդ մասնաճյուղի տնօրենն է, մյուսը՝ զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց «Պռոշյան կոնյակի գործարան»-ի սեփականատերերից Արմեն Գասպարյանը՝ նշելով, որ հրդեհի հստակ պատճառը իրենց հայտնի չէ. «Շատ տեղեկություններ չունենք, գիտենք, որ շինարարական աշխատանքներ է կատարել «Արեն Առաքելյան» ԱՁ-ն, ըստ երեւույթին, պայթյունը զոդումից է եղել»,- ասաց նա:

Սեփականտիրոջ խոսքով՝ գործարանը այժմ հոսանքազրկել են, խաղողը՝ տեղափոխել մեկ այլ մասնաճյուղ: Նշենք, որ այս մասնաճյուղն ունի մոտ 200 աշխատակից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Արմավիրի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում պայթյուն է եղել: Կա երկու զոհ եւ չորս տուժած: Սեփականատիրոջ խոսքով՝ վերջիններս արդեն տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության կենտրոն: Մինչ այդ նրանք բուժօգնություն են ստացել Արմավիր ԲԿ-ում, որտեղ նրանց վիճակը գնահատվում էր միջին ծանրության:

1160