Անն Լինդեն նշել է, որ հույս ունի` վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ հարթել կայուն կարգավորման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

 ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների տրամադրումն Ադրբեջանին։ Լինեդեն թվիթերյան իր էջում է նման գրառում արել։

«Այս հարցում բարձր եմ գնահատում ռուսական կողմի միջնորդությունը: Հուսով եմ՝ վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ հարթել կայուն կարգավորման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- հավելել է Լինդեն։

Հիշեցնենք, որ երեկ հայրենիք վերադարձան ևս 15 գերի. հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Հավելենք, որ հենց ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի՝ ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում:

Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

 

Աղբյուր՝ armeniasputnik.am

 

636