ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն:

Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից։

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լ.Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով Դրամական աջակցություն անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում Հայաստան դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:

Բացի այդ, Լ.Ա.-ն, սոցիալական   և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին  և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

6196