SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչան վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 65-ամյա Ս. Սանթրոսյանի ահազանգի փաստով:

Այդ օրը՝ ոստիկանության Դիլիջանի բաժին է ահազանգել Ս. Սանթրոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը  16:00-ից  մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք  տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին և երկրորդ հարկերի մուտքի դռները, մտել ներս, տունն ամբոջովին տակնուվրա արել և ննջասենյակի պահարանից հափշտակել պայուսակում եղած գումարները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամանած  ոստիկաններին և քննիչներին Ս. Սանթրոսյանը հայտնել է, որ հափշտակել են 15 հազար ԱՄՆ  դոլար, 16 հազար ՌԴ ռուբլի, 200 եվրո և  2 մլն 500 հազար  դրամ:

Ոստիկանությունն ու քննչական  բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամյբ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ս. Սանթրոսյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը իր բնակության վայրի միջնակարգ դպրոցում աշխատում է  որպես ուսուցչուհի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  © 

577