Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2021 թվականի հուլիսի 6-15-ն աշխատելու է Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող  ամենամյա Marche’ du Film-ում՝ առցանց-տաղավարով։ Ֆիլմերի առք ու վաճառքով, դիստրիբուցիայով զբաղվող աշխարհի ամենահին ու խոշոր այս կինոշուկան 2021-ին աշխատելու է հիբրիդային (խառը) եղանակով (մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար)։

Հայաստանն այս տարի ընտրել է մասնակցության առցանց ձևաչափը, որի նպատակով չափազանց սեղմ ժամկետներում աշխատանքային թիմը պատրաստել է առանձին օնլայն-էջ (տաղավար) Marche’ du Film-ի կայքում: 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները գտել են, որ Հայաստանի մասնակցությունը Կաննի կինոշուկային կարևոր և պարտադիր է: Սակայն, պայմանավորված երկրում առակա ծանր իրավիճակով (հետպատերազմական և ֆինանսական), որոշում է կայացվել  2021-ին կինոշուկայում ունենալ առցանց ներկայություն:

Marche’ du Film-ում առցանց-էջի տարածքի, օնլայն տաղավարի, օնլայն կատալոգի ֆինանսական ծախսերը հոգացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: 

Marche’ du Film-ի հայկական հարթակը  հնարավորություն կընձեռի Կաննի կինոշուկայում հավատարմագրված  մասնագետներին ծանոթանալու հայկական կինոարտադրանքին, միաժամանակ հետադարձ կապի և օնլայն-հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով անմիջական կապ հաստատել ֆիլմերի պատասխանատուների հետ։ 

Marche' du Film կայքում տեղադրված հայկական օնլայն էջը միաժամանակ ակտիվ հղումով կապված է Ազգային կինոկենտրոնի  և CINANDO-ի կայքերի հետ։ Հայկական էջն ունի մի քանի բաժիններ, այդ թվում՝ 2020-2021 թթ․ Ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած ֆիլմերի ընդարձակ Կատալոգ՝ տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն կինոնկարներ: Հայկական ֆիլմեր բաժնում ընտրված են լիամետրաժ և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև Հայկական փառատոներ, Կինոժառանգություն և Հայաստանի տեսարժան վայրեր բաժինները:

Կինոշուկայի համար պատրաստված կատալոգն ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավտարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք։

266