Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 12-ին, Երևանում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդի և նրա կողմից վրաերթի ենթարկված հետիոտների ինքնությունը։

Պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Տավուշի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Մելիքսեթյանը, իսկ վրաերթի ենթարկվածներն են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Լիանա Մեժլումյանը, 22-ամյա Սուսաննա Շահիջանիին և Երևանի բնակիչ՝ 59-ամյա Ռիտա Մանուչարյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մելիքսեթյանն աշխատում է Տավուշի մարզի երաժշտական դպրոցներից մեկում՝ որպես ուսուցիչ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 12-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողոցում՝ «Հրազդան» տոնավաճառի դիմաց, վրաերթի էր ենթարկել 3 հետիոտնի:

Վարորդը փախուստի չէր դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և  3-րդ վաշտերի ծառայողները:

Օպերատիվ էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: 
 

417