Պատանի, ով երազում էր դերասան դառնալուն մասին, սակայն դարձավ պրոդյուսեր, ռեժիսոր և իր ստեղծագործական մտածողության շնորհիվ համալրեց ոլորտի լավագույն մասնագետների շարքը: Վարդան Հակոբյանը ծնվել է Գյումրիում, արվեստագետների ընտանիքում. հայրը դերասան է, մայրը՝ երաժիշտ:  Մանկության երազանքի հետքերը դեռևս շատ վաղ հասակում Վարդանին տարել են արվեստի դպրոցի թատերական խմբակ, որտեղից էլ կատարել է իր առաջին քայլերը դեպի մեծ բեմ: 


«Շատ փոքր տարիքում բարձրացա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ՝ «Սոս և Վարդիթեր» ներկայացման մեջ խաղալով հերոսուհու փոքր եղբոր դերը: Արվեստի դպրոցում ուսանելու վերջին տարիների ընթացքում  հասկացա, որ ավելի շատ ինձ դուր է գալիս բեմադրել, քան` խաղալ: Այնուհետև հանձն առա մի քանի էտյուդների բեմադրությունների պատասխանատվությունը: 8-րդ դասարանն ավարտելուց հետո մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ընդունվեցի Երևանի մշակույթի  պետական քոլեջի կինոռեժիսուրայի բաժին: Երբեք չէի մտածի, որ կինոյի հետ որևէ կապ կունենամ, քանի որ թատրոնն ավելի խորն էի զգում:  Սկսեցի խորապես ուսումնասիրել կինեմատոգրաֆիան: Այդ փուլում ինձ թվում էր թե արդեն կողմնորոշվել եմ մասնագիտության ընտրության հարցում, սակայն ինձ համար անկանխատեսելիորեն մասնագիտական ուղղվածությունս փոխվեց, որում իր մեծագույն դերն ունեցավ ՀՀ մշակույթի  վաստակավոր գործիչ, երգչուհի և պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը: 
Նադեժդա Սարգսյանը Վարդանի համար բացահայտել է պրոդյուսերի մասնագիտությունը, նշանակել նրան նախագծերից մեկում որպես գծային պրոդյուսեր՝ դառնալով նրա կյանքում մասնագիտական կողմնորոշմանը էականորեն նպաստած ամենակարևոր անձը:


-Այդ ժամանակ սկսեցի խորապես ուսումնասիրել պրոդյուսերական գործը և կատարել իմ առաջին քայլերը այդ ոլորտում: Երևանի մշակույթի  պետական քոլեջը ավարտելուց հետո աշխատանքային փորձաշրջան անցա Հանրային Հեռուստաընկերության տեխնիկական բաժնում: Առաջին անգամ չէր, որ մտնում էի Հանրային Հեռուստատեսություն, քանի որ փոքր տարիքից հորս՝ Արթուր Հակոբյանի, նկարահանումների մշտական ուղեկիցն էի. այդ միջավայրն ինձ և՛ ծանոթ էր, և՛ հաճելի: Նախատեսված մեկ ամսյա փորձաշրջանի 12-րդ օրն արդեն ընդունվեցի աշխատանքի:  Տեխնիկական աշխատանքը բավականին հետաքրքիր էր,սսակայն ստեղծագործական աշխատանքը  ավելի էր գրավում ինձ »,-հիշում է Վարդանը:


  Այսպես սկսվել է Վարդանի կարիերայի սրընթաց վերելքը Հանրային Հեռուստատեսությունում, որտեղ նա մեկ տարի տեխնիկական տնօրինությունում աշխատելուց հետո տեղափոխվել է ստեղծագործական տնօրինության ադմինիստրատիվ բաժին՝ համակարգելով սպորտի և շարժական հեռուստակայանի աշխատանքները, ևս մեկ տարի անց զբաղեցրել  ավագ ադմինիստրատորի հաստիքը, այնուհետև՝ բաժնի ղեկավարի: Ճանապարհն այսքանով չի սահմանափակվել, մեկ տարի անց նա դարձել է հեռուստաարտադրական ծառայության ղեկավար, իր ղեկավարության տակ առնելով ռեժիսորական, օպերատորական, մոնտաժային, լուսավորորման, հնչյունային և ադմինիստրատիվ բաժինները: Հանրային հեռուստաընկերության ամբողջ հեռուստակոնտենտի արտադրական գործընթացը առավելագույնս պրոֆեսիոնալ իրականացնելուց հետո Վարդանը նշանակվել է որպես գործադիր պրոդյուսեր, իսկ 24 տարեկանում արդեն զբաղեցրել Հանրային Հեռուստատեսության գլխավոր պրոդյուսեըի պաշտոնը: 

«Շատ նախագծեր եմ հասցրել իրականացնել որպես գլխավոր պրոդյուսեր, կառանձնացնեմ  «Վարդապետը» բացառիկ նկարահանումներով 4 մասանոց վավերագրական ֆիլմաշարը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին: Նկարահանումները իրականացվել են Եվրոպայի և Ասիայի 9 քաղաքներում, որտեղ Վարդապետն իր կենսագրության տարբեր տարիներին ապրել է և ստեղծագործել: Կառանձնացնեմ նաև այն նախագիծը, որտեղ քաղաքական, հասարակական և մշակութային գործիչները կարդում էին Հովհաննես Թումանյանի քառյակները, ինչպես նաև «Քաղաքը» և «Սկիզբը» ֆիլմաշարերը: Եղել եմ նաև ամանորյա «Չվերթ №1» և «Առաջին ակումբ»  ֆիլմերի համահեղինակը և պրոդյուսերը: 
Հանրայինում գիշերներ եմ անցկացրել, ձեռք բերել ահռելի փորձ, մասնագիտական բազում գիտելիքներ և շատ ընկերներ: Մեծ նվիրումով եմ աշխատել, անգամ եղել են դեպքեր, երբ ամբողջ գիշեր աշխատելուց հետո մեկ երկու ժամ քնել եմ և առավոտյան հավաքարարի աղմուկից արթնացել»,-ծիծաղով հիշում է Վարդանը:

Նրա խոսքով՝ արդեն հասունացել էր Հանրային Հեռուստատեսությունից հեռանալու պահը:
 «Հանրայինում խիստ զբաղվածության պատճառով անձնական կյանքի, ընկերների և շատ այլ մտքեր իրագործելու ժամանակը չկար, և այդ փոքրիկ դադարը լավագույնս օգտագործեցի հիմնելով  «Սքրին» ընկերությունը: Արդեն իսկ իրականացրել ենք տարբեր նախագծեր, դրանցից էր «Բոհեմ» թատրոնի հետ համատեղ արված «Հեռուստաթատրոն» նախագիծը: Նախատեսել էինք նկարել 16 ներկայացում, սակայն 15-րդ մասի նկարահանման օրը սկսվեց պատերազմը և այդ պահից սկսած բոլորս այլ առաքելություն ունեինք:  «Հեռուստաթատրոն» նախագիծը ինձ հնարավորություն տվեց աշխատել արտիստ Նարեկ Դուրյանի  հետ, ինչպես նաև առաջին անգամ աշխատանքային գործընթացում լինել հորս Արթուր Հակոբյանի հետ: Աշխատանքային գործընթացի սկզբնական շրջանում Նարեկ Դուրյանի հետ մասնագիտական տարբեր  վեճեր էինք ունենում, մինչ այն պահը երբ նա սկսեցին ինձ վստահել և ընդունել  որպես ռեժիսոր:                                                                                                                                    
Գարնանը աշխատանքային բուռն շրջան էր, առաջարկ ստացա նաև «Շարմ Հոլդինգ»-ից համաձայնելով լինել «Մեր օրերի երգը» նախագծի պրոդյուսերը: Նախագծում ներկայացվել են մոտ 175 երգ 100-ից ավել արտիստների կատարմամբ, 60-ից ավել պարերի բեմադրությամբ:
«Սքրին» ընկերությունը այժմ էլ ակտիվորեն աշխատում է և առաջիկայում ևս կներկայացնի շատ տարբեր նախագծեր»: 
Դադարի շրջանը Վարդանի համար նաև անձնական կյանքում փոփոխության սկիզբ է հանդիսացել, լավագույն ժամանակն է եղել երկար սպասված ամուսնական առաջարկն անելու համար.
 «Քովիդի պատճառով երեք անգամ հետաձգված հարսանիքը վերջապես տեղի ունեցավ: Սիրելիիս հետ ծանոթացել ենք Հանրային Հեռուստատեսությունում:  Ասում են՝ երբ հանդիպում ես ճիշտ մարդու, միանգամից զգում ես: Մեր ծանոթությունը շատ հետաքրքիր մանրամասնություններ ունի, երևի մի օր նույնիսկ  ֆիլմ կնկարեմ արդեն վաղուց գրված սցենարով»:

 

781