Օրերս Araratnews.am-ը «Իջևանի շտապօգնությունն առանց բժշկի.իրարամերժ պատասխաններ» հոդվածով անդրադարձել էր Իջևանի շտապօգնությունում տիրող իրավիճակին։ «Իջևան» ԲԿ֊ն ֆեյսբուքյան իր էջում, հավանաբար մեր նյութին ի պատասխան գրել էր, որ  իրենք իրականացնում են շտապօգնության ծառայություն Իջևան քաղաքի և հարակից գյուղերի բնակչությանը: Բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրումը իրականացվում է ՀՀ ԱՆ-ի կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան, նշելով, որ` աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 17:00 կանչերն իրականացվում է բժշկական (ընդհանուր գծային) բրիգադի կողմից, իսկ ժամը 17:00-ից սկսած իրականացվում է ֆելդշերական բրիգադով. կանչերը կատարվում են փորձառու բուժքույրերի կողմից եւ անհրաժեշտության դեպքում բուժքույրը կատարում է բժշկի հետ խորհրդատվություն և ցուցման դեպքում հիվանդը տեղափոխվում է հիվանդանոց, առանց վտանգելու որևէ քաղաքացու առողջությունը:

Օրերս նույն ֆելդշերական բրիգադը սպասարկել է արյան ճնշման կտրուկ բարձրացմամբ, նախկինում ինսուլտ տարած մի կնոջ։ Ճնշման բարձրացումը «փորձառու» ֆելդշերի կողմից գնահատվել է որպես ճնշման հերթական տատանում, ներարկվել ճնշումն իջեցնող և ցավազրկող դեղամիջոց։ Վստահ լինելով իր գիտելիքների վրա` «փորձառու» բուժքույրը  չի խորհրդակցել բժշկի հետ, հիվանդը չի հոսպիտալացվել։ Կնոջ թույլ վիճակը ընտանիքի անդամները կապել են նրա հիվանդության հետ (վերջինս ինսուլտ է տարել), սակայն վիճակի օրսըտօրե վատանալուց հետո սեփական նախաձեռնությամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ համապատասխան բուժզննման արդյունքում պարզվել է, որ մարդը մի քանի օր է գտնվում է հեմոռագիկ ինսուլտ տարած վիճակում։

«Իջևան» ԲԿ֊ի անպատասխանատու, թափթփված ու հանցավոր գործունեության պատճառով հարազատները օրեր շարունակ առանց բուժօգնության մնացած հիվանդին տեղափոխել են Երեւան, այս պահին նա ծանր վիճակում գտնվում է «Էրեբունի» ԲԿ֊ում։ Թե ինչպես կանդրադառնան «կորցրած» օրերը քաղաքացու առողջության վրա` հայտնի չէ։

Փաստացի վտանգված է մի ամբողջ տարածաշրջանի բնակչության առողջությունը։ Araratnews.am-ը հետամուտ է լինելու խնդրի լուծման հետգա զարգացումներին։

5054