Նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Հայիթի: Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, հայտնում է CNBC-ն:

«Մենք ԱՄՆ ծովային հետեւակայիններ ենք ուղարկում մեր դեսպանատուն՝ բացառապես աշխատակազմի անվտանգությունն ապահովելու համար: Սակայն Հայիթի ԱՄՆ զորքեր ուղարկելու գաղափարը այս պահին օրակարգում չկա»,- ասել է Բայդենը:
Հայիթիի պաշտոնյաներն անցյալ շաբաթ խնդրել էին ԱՄՆ-ին զորքեր տեղակայել նախագահի սպանությունից հետո՝ Կարիբյան երկրում կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանության համար:

Հայիթիի ընտրությունների նախարար Մաթիաս Պիեռն «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը հայտնել է, որ կարծում է, որ ԱՄՆ-ի զորքերի տեղակայման մասին խնդրանքը կարեւոր է: Նա նշել է, որ Հայիթին պետք է ապահով միջավայր ստեղծի առաջիկա ընտրությունների համար 120 օրվա ընթացքում:

Անցյալ շաբաթ Մոիզը սպանվել էր Պորտ-օ-Պրենս քաղաքում գտնվող իր անձնական նստավայրում մի խումբ զինյալների կողմից, ինչն էլ ավելի էր թեժացրել քաղաքական անկարգությունները Կարիբյան երկրում, որն արդեն իսկ տառապում էր անկարգություններից եւ բողոքներով վերջին նախագահի ավելի ու ավելի ավտորիտար կառավարման դեմ:

 

Աղբյուր՝ news.am

155