Գյումրու Ավտոկայան թաղամասում հուլիսի 3-ին հայտնաբերված նորածնի մայրը չի հայտնաբերվել, երեխան հանձնվել է խնամակալության։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։

Նա հայտնում է, որ փոքրիկին տուն տանելու խնդրանով  Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին է դիմել երկու ընտանիք: Բազմամասնագիտական հանձնաժողովը հարցը քննարկել և նրանցից մեկին համաձայնություն է տվել:

Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը նշեց, որ երեխան հանձնվել է այն ընտանիքին, որի անդամն ունի երեխաների հետ աշխատելու փորձ, ամեն օր նրանց միջավայրում է:

«Երեխան ապահով ձեռքերում է, առողջ է: Խնամակալությունը ժամկետով չի տրված. նման հասկացողություն չկա: Խնամակալությունը տրվում է անժամկետ, հանձնաժողովն ընտանիքին պահում է հսկողության տակ՝ մինչև առկա քրեական գործի ավարտը: Մինչև դա չլինի, որդեգրման հարց չի կարող լինել»,–ասաց նա։

Հիշեցնենք` հուլիսի 3-ի առավոտյան` ժամը 10:00-10:30-ի սահմանում, Գյումրու տներից մեկի պարսպի տակ բարակ ծածկոցով փաթաթված նորածին էր հայտնաբերվել: Փոքրիկը տեղափոխվել էր Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Պարզվել էր, որ 3 կգ 100 գրամ քաշով ու 51 սմ հասակով տղան բնածին արատ չունի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշերով (մոր կողմից նորածին երեխայի սպանության փորձ):

1825