Ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների ռիսկը: Տարվա տաք շրջանում՝ հիմնականում ամռան ամիսներին, ավելանում են աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների դեպքերը, ինչպես նաև բռնկումները:
Հայաստանում բարձր ջերմաստիճանով, սննդամթերքի բացօթյա ոչ ճիշտ պատրաստմամբ և հակասանիտարական պայմաններում վաճառքի հետ կապված՝ ընթացիկ տարում արդեն իսկ արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված բռնկման դեպքեր, որոնց պատճառ են հանդիսացել արագ սննդի պատրաստման կետերից գնված սննդամթերքը (քաբաբ, շաուրմա և այլն), ինչպես նաև տարբեր կրեմային հրուշակեղենը:
Հարկ է նշել, որ սննդամթերքը դառնում է սննդային միջավայր մանրէների բազմացման համար, մասնավորապես՝ ամռանն արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի բացօթյա և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացմամբ, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ դառնալ:
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է. հետևել ձեռքերի հիգիենային, հատկապես` սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո լվացվել օճառով, սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք, չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս- մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն, բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր, սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից կանխելու նպատակով, առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ:
Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն), սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 70°C պայմաններում։