«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մասին։ 

«Որոշումը համարում ենք բացառիկ կարևոր։ Հաշվի առնելով հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ համահայկական ուշադրությունը և հանրային վստահությունը բարձր պահելու կարևորությունը՝ խիստ անհրաժեշտ ու կարևոր ենք համարում հանձնաժողովի աշխատանքներում հնարավորինս լայն ներառականության ապահովումը՝ Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, Արցախի խորհրդարանի և պատկան ուժային կառույցների, Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների, քաղաքացիական հասարակության, սփյուռքի փորձագիտական շրջանակների, այդ թվում՝ առանձին դեպքերում, նեղ մասնագիտական հարցերի և փորձագիտական կարծիքի համար, առաջատար միջազգային փորձագետների և մասնագիտական խմբերի ներգրավումը։ 

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր (այդ թվում՝ դրսից կառավարվող) ի սկզբանե զրկված լինեն հանձնաժողովի աշխատանքներն ի շահս օգտագործելու, աշխատանքների բովանդակությունը մանիպուլացնելու հնարավորությունից։ Չափազանց էական ենք համարում հանձնաժողովի աշխատանքներում արտաքին ազդեցությունների անթույլատրելիությունը։ 

Այսու, պետք է անել հնարավորը հանձնաժողովի անկախությունն ու հանրության հետ ճիշտ հաղորդակցությունն ապահովելու համար։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է իր մասնագիտական ներուժը ներդնել և մասնակցել հանձնաժողովի ստեղծման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև որպես արտախորհրդարանական ուժ ներգրավվել և մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։

140