2019 թվականի դեկտեմբերին Չինաստանից սկսված COVID-19 վարակը փոխեց ամբողջ աշխարհի կյանքն ու հարաբերական անդորրը: Արդեն 2020 թվականի մարտին COVID-19-ը եկավ Հայաստան։ Համաճարակը չէին կարողանում հաղթահարել անգամ գերտերությունները, իսկ երկրորդ, առավել եւս՝ երրորդ կարգի երկրներից շատերը մինչեւ օրս չեն կարողանում իրենց երկրներում գոնե ինչ-որ չափով կանխել վարակվածության շղթան։

Առաջին օրվանից Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց մեկուսացնել հիվանդացած բոլոր քաղաքացիներին եւ ապահովեց նրանց համար լավագույն պայմանները: Իսկ արդեն ապրիլին սահմանվեցին սահմանափակումներ՝ վարակի դեմ պայքարելու համար։ Հասկանալով, որ բնակչությունն այդպես՝ մեկուսանալով և չաշխատելով չի կարողանա ապրել, ՀՀ կառավարությունը տասնյակ ծրագրեր մշակեց՝ թե սոցիալական, թե տնտեսական, այդ կերպ պայքարելով նաև համավարակի բերած բոլոր դժվարությունների դեմ։ 

Չնայած կառավարության բոլոր ջանքերին՝ Հայաստանում վարակվածության թվերի աճի ֆոնին սոցիալական ցանցերում խուճապ ներշնչող եւ քննադատող գրառումներ էին կատարվում։ Սոցցանցային գիտունիկ-սահամանդրագետ-ռազմագետ-քաղաքագետ-քրեագետ-ամենինչագետները գուժում էին ՀՀ-ի վերջն ու կառավարության անգործությունը: Քչերն էին հասկանում, շատերն էլ չէին ցանկանում հասկանալ, որ քովիդն ու պանդեմիան նոր բան է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար: Շատերը գուցե հասկանում էին, բայց, քաղաքական և անձնական շահերին տուրք տալով, նենգաբար մանիպուլացնում էին հասարակությանն ու մարդկանց մեջ ամենաստոր ստերն էին տարածում:

Այսօր Հարավային Կովկասում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարդանում է։ Վրաստանում մեկ օրում գրանցվել է վարակման 3 666 նոր դեպք, բացի դրանից՝ նոր հնդկական Delta plus շտամով վարակման 2 դեպք։ Ադրբեջանում գրանցվել է վարակի 468 նոր դեպք, իսկ հուլիսի 13-ին այնտեղ հայտնաբերվել է նոր հնդկական Delta plus շտամ:

Այսօր նույնիսկ Ռուսաստանում, որը արտադրում եւ վաճառում է ամբողջ աշխարհին իր պատվաստանյութը, չեն կարողանում հաղթահարել կորոնավիրուսային իրավիճակը՝ մեկ օրում այնտեղ արձանագրվել է վարակի 23 032 նոր դեպք:

Մինչդեռ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակն այս պահին լավագույնն է տարածաշրջանում։ Զբոսաշրջիկները Ռուսաստանից, ինչպես նաեւ այլ երկրներից նախընտրում են հենց Հայաստանը (այդ է վկայում Հայաստանում առկա նրանց աննախադեպ հոսքն ու հյուրանոցային ազատ համարների բացակայությունը) եւ ուզում են այստեղ անցկացնել իրենց հանգիստը։ Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է վարակման 180 նոր դեպք, իսկ հնդկական Delta plus շտամ երկրում չի հայտնաբերվել։

Այն մարդիկ, որոնք ժամանակին խուճապ էին տարածում, պիտակավորում էին, մեղադրում էին կառավարությանը, կեղծ լուրեր էին հրապարակում, այսօր ոչինչ չեն գրում եւ չեն ասում։ Իսկ մի բան պարզ է: Նրանք արդար չէին իրենց «վերլուծություններով», նրանք արդար չեն նաև իրենց այսօրվա «լռությամբ»:

Նրանք դավաճան էին անվանում կառավարության անդամներին, թեեւ այսօրվա դրությամբ չեն ուրախանում դրական դինամիկայով եւ լավ արդյունքներով, լռում են ու մտածում: Մտածում են, թե ինչ սուտ հորինեն ու նորից մոլորեցնեն, վախեցնեն և ահաբեկեն հասարակությանը:

8647