Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  

Ժամը 18:50-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 տղա երեխա:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:  

Ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը:  

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արզական գյուղի բնակիչ, 16-ամյա Էդմոն Հ.-ն և Երևանի բնակիչ, 16-ամյա Վահան Ս.-ն:  

Ոստիկանները պարզել են, որ այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արզական գյուղի բնակիչ, 30-ամյա Խոսրով Հայրապետյանը, Արզական գյուղի Երևանյան փողոցում, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարե պատնեշին, ինչի հետևանքով էլ երեխաները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Խ. Հայրապետյանը աշխատում է «Աղվերան» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուր՝ shamshyan.com

 

943