Վանաձոր քաղաքի զոհված ազատամարտիկների և անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվել է այցելություն Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն: Մոտ 90 երեխա ծանոթացել է ծառայության կազմակերպմանը, արձագանքման հնարավորություններին, մեթոդներին: Այնուհետև ուսուցողական այցելություն է կատարվել Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ աշխատակիցները ներկայացրել են հրշեջ-փրկարարական մեքենաները, փրկարարական տեխնիկական միջոցները և դրանց հնարավորությունները:

Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ուսումնավարժանք է անցկացվել նաև Օձուն խոշորացված համայնքում: Մասնակցել են Օձունի, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի և Մղարթ բնակավայրերի վարչական ղեկավարները, դպրոցների և մանկապարտեզների տնօրենները, բնակչությունը:

Ազդարարումից անմիջապես հետո տեղի է ունեցել բնակչության տարահանում, պատսպարում, ներկայացվել է ազդարարման և երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները: Դպրոցների տնօրեններին տրամադրվել է ուսուցողական նյութեր, առաջարկվել ուսումնասիրել և ուսումնական տարվա սկզբին իրականացնել ուսուցողական աշխատանքներ:

Վարժանքից հետո իրականացվել է համայնքում և բնակավայրերում առկա պատսպարման վայրերի ուսումնասիրություններ, անցկացվել է քննարկումներ՝ իրականացված միջոցառումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

593