Ընդդիմությունը այսօր բարձրացրել է Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը. ընդդիմութան կարծիքով՝ այն պետք է դառնա միջազգային հանրության համար «Արցախի խոսափողը»: Առաջին հայացքից հանձաժողովի անվանումը լավ է հնչում, և իրենք՝ ընդդիմադիր պատգամավորները ևս շեշտում են, որ այն լավ մեսիջ է միջազգային հանրության և հենց Ադրբեջանի համար, սակայն ի՞նչ կտա այն բացի մեսիջից և ի՞նչ կարևորագույն հարց դրանով կլուծվի հանձնաժողովով: Սա, իհարկե, լավ միջոց է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համար կրկին ցույց տալու, թե իբր նրանք ավելի սրտացավ են Արցախի հարցում և ավելի հայրենասեր են, քան իշխանությունը: Ընդհանուր առմամբ, արդեն պարզ է, որ ընդդիմությունը չի դադարելու Արցախի անունը տեղի-անեղի շահարկելուց և քաղաքական դիվիդենտներ հավաքելուց:
Վստահաբար, եթե այս առաջարկությունը չընդունվի, ընդդիմադիր մամուլում մեծ տառերով կհայտնվեն վերնագրեր, թե «Իշխանությունը փակում է Արցախի հարցը», «Չկա այլևս Արցախի հիմնախնդիրը», փորձելով մանիպուլացնել հասարակությանը և ուրախացնել թշնամուն:
Որտե՞ղ է նման հանձնախումբ ստեղծելու տրամաբանությունը: Ըստ Վարդևանյանի` մենք այսօր ունենք մոտ 100 հազար փախստականներ և նրանց հարցերը լուծելու համար անհրաժեշտ է այս հանձնախմբի ստեղծումը: Տպավորություն է ստեղծվում, որ մինչ այդ հարցերը լուծող ոչ մի կառույց կամ պատասխանատու չկար, և հույժ կարևոր է խնդիրը լուծելու համար որևէ գործիքի առկայությունը Ազգային ժողովում: Այն դեպքում, որ հանձնաժողովը ընդամենը քննարկում և եզրակացություն է ներկայացնում օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ։ Բացի այդ, նույն փախստականների հարցով զբաղվում է, օրինակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ իր վրա վերցնելով Արցախի տեղահանված շրջանների բնակչության աջակցման հարցը և այս պահի տվյալներով՝ դրանցից օգտվել են 97% արցախցիներ:
Բացի այդ, հնչեցված ելույթներից այնպիսի տպավորություն է, որ հանձնախումբը պետք է կատարի գրեթե նույն գործառույթները, որոնք կատարում է ՀՀ ԱԺ-Արցախի ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը։
Չնայած նրան, որ ընդդիմությունը հակառակն է ասում, սակայն նման հանձնաժողովը կնվազեցի Արցախի դերը սեփական հարցերի լուծման մեջ՝ նվազեցնելով նրա ինքնիշխանությունը։
Կա Արցախ, կա Արցախի Ազգային ժողով, որը վստահաբար պետք է ինքն իր խոսափողը դառնա միջազգային հանրությունում, ոչ թե ՀՀ Ազգային ժողովի որևէ հանձնաժողով։ Ազգային ժողովում Արցախի հարցերով հանձնաժողովը չէ, որ պիտի Հայաստանի և Արցախի փոխհամագործակցությունը ակտիվացնի։ Հակառակը, այն կարող է նվազեցնել Արցախի ինքնիշխանությունը միջազգային հանրությունում։