Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Կցանկանայի հղել ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ:

Ընտրողների կողմից վերջին ընտրություններին Ձեզ տրված մանդատը ցույց տվեց հայ ժողովրդի զորավոր աջակցությունն այն բարեփոխումներին, որոնք ձեր երկիրը ձեռնարկել էր վերջին մի քանի տարիների ընթացքում: Չկա այլընտրանք ժողովրդավարական սկզբունքներին և բարեփոխումներին՝ բարգավաճ, ապահով և ժողովրդավար Հայաստան կառուցելու մղման մեջ:

Թույլ տվեք վերահաստատել Լիտվայի՝ Հայաստանին այս ճանապարհին աջակցելու վճռականությունը: Լիտվան մշտապես ոգևորված է եղել Հայաստանի և մնացյալ Եվրոպայի միջև առավել ամուր կապերով:

Այս տարի ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը կարող է հայ հասարակությանը բերել ժողովրդավարության առավել բարձր չափանիշներ` առավել կանաչ միջավայր, ինչպես նաև բիզնեսի և կրթության ավելի լավ հնարավորություններ: Վստահ եմ, որ ձեր երկրի առաջընթացը, ինչպես նաև երկարաժամկետ նպատակները կհաստատվեն աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Լիտվան վայելում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ:

Այս տարի նշելով Լիտվայի՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած աշխարհում առաջին պետության և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, մենք վճռական ենք շարունակելու ամրապնդել մեր ժողովուրդների միջև առավել ամուր կապերն ու բարեկամությունը: Համոզված եմ, որ առկա են բազմաթիվ հնարավորություններ և խթաններ՝ մեր երկու երկրների միջև բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ գործընկերությունը, փոխվստահությունը և շահավետ համագործակցությունը Լիտվայի և Հայաստանի միջև կշարունակեն առաջ ընթանալ առավել բարեկամական ոգով: Հուսով եմ, որ մեր հարաբերությունները կարող են ավելի ամրապնդվել մոտ ապագայում՝ Լիտվա ձեր այցով:

Մաղթում եմ Ձեզ և ձեր կառավարությանն ամենայն հաջողություն ձեր նախաձեռնություններում:

Ընդունեք խնդրեմ խորին հարգանքիս հավաստիքը»:

244