Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ից 17։30-ն ընկած ժամանակահատվածում հորդառատ անձրևի, կարկուտի և քամու հետևանքով սարերից հսկայական քարերն ու ժայռաբեկորները թափվել ու լցվել են Վանաձոր քաղաքի Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերն ու բակերը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչները խոշոր չափի նյութական վնասներ են կրել։  Այդ ամենի արդյունքում վնասվել են նաև մի քանի ճանապարհներ, որոնք տանում են դեպի «3-րդ մաս» կոչվող թաղամաս։

Օպերատիվորեն բնակիչների ահազանգերին արձագանքել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հանձնարարությամբ քաղաաքպետարանի կոմունալ վարչության ծառայողները նույնպես միացել են փրկարարներին։

Իրավիճակի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, ում կարգադրությամբ էլ մարզպետարանի ծառայողներն են տեղում ուսումնասիրում խնդիրը։ Տեղում են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր մոտ 7 բազմաբնակարան շենքերի և 15 առանձնատների նկուղներից ու շքամուտքերից մեծ դժվարությամբ հեռացնում են անձրևաջրերն ու հսկայական քարերը։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ, որպեսզի քաղաքացիներն իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, որ փրկարարները, քաղաքապետարանի և «Վեոլիա Ջրի» աշխատակիցները կարողանան հանգիստ աշխատեն։  

604