Երգիչ Անդրեի Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում չկայացած համերգի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Իր վերջին հարցազրույցներից մեկում երգիչը նորից պնդել էր, որ կատարվածը այսպես ասած «պետպատվեր է»:

Այս առնչությամբ araratnews.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱՀ ԿԳՍՄ նախարար Լուսինե Ղարախանյանից: Նախարարը հավաստիացրեց, որ Անդրեի տաղանդը և արվեստը շատ գնահատում են Արցախում, և որևիցե խնդիր ոչ նրա անձի, ոչ իր երգարվեստի հետ չկա և չի կարող լինել: «Խնդիրը, ինչպես արդեն ներկայացվել է, նրանում է, որ մենք որոշում ունենք Վերածնունդի հրապարակում մինչև նոյեմբերի 11-ը որևէ մասսայական միջոցառում չանցկացնել: Անդրեին առաջարկվել են այլ հարթակներ և դահլիճներ իր համերգի համար, բայց նա պնդել է միայն Վերածնունդի հրապարակի տարբերակի վրա: Որպեսզի շահարկումներից խուսափենք, պետք է հիշեցնեմ, որ Անդրեից առաջ այլ արվեստագետներ ևս դիմել էին Վերածնունդի հրապարակում միջոցառում անցկացնելու համար, սակայն նրանց նույնպես մերժվել է: Այնպես որ, այստեղ հարցը ոչ Անդրեի անձն է, ոչ նրա երգարվեստը: Ըստ իս, շահարկումներն այս հարցում անտեղի են»,- նշեց նախարարը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի խոսնակ Վարդուհի Օհանյանն էլ մեզ փոխանցեց, որ քաղաքապետարանին համերգի համար տարածք տրամադրելու հարցով ոչ մեկը չի դիմել, ուստի ոչինչ չեն կարող մեկնաբանել:

779