«Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը խոստովանել է, որ 5 տարի գրանցված լինելով նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ում՝ աշխատանքի է հաճախել ընդամենը 3 ամիս։

Այս մասին Վահե Հակոբյանը հայտարարել է ԱԺ-ում ունեցած իր ելույթի ընթացքում՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի դիտարկմանը, որ Հակոբյանը ՊՈԱԿ-ում աշխատած տարիներին զբաղվել է բիզնեսով և ղեկավարել է մի քանի առևտրային կազմակերպություն, այդ թվում՝ զբաղեցրել է ԶՊՄԿ ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնը։

«ՊՈԱԿ-ում ես եղել եմ շատ կարճ՝ մոտ 3 ամիս։ Անհրաժեշտություն կար իմ ընկերներին այնտեղ օգնելու»,- հայտարարել է Վահե Հակոբյանը։

Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Հակոբյանը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես աշխատող գրանցված է եղել 2011-2016 թթ., մինչդեռ այժմ խոստովանում է, որ աշխատանքի հաճախել է ընդամենը 3 ամիս։ Որպես արդարացում՝ Վահե Հակոբյանը նշել է, որ գուցե որևէ շփոթմունք է եղել, և ինքը 5 տարի շարունակ գրանցված է մնացել նախագահականի ՊՈԱԿ-ում։

Նշենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում ևս տևական ժամանակ չի հաճախել աշխատանքի, սակայն շարունակել է աշխատավարձ ստանալ։ Այս չարաշահումը բացահայտել է ՀՀ հաշվեքննիչ պալատը Սյունիքի մարզպետարանում կատարած ուսումնասիրության արդյունքում, ինչի կապակցությամբ  2021 թ. սկզբին Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել։ 

Աշխատանքի չհաճախելով աշխատավարձ ստանալու հանգամանքը հաստատել էր նաև Վահե Հակոբյանի փաստաբանը։

4387