Ազգային ժողովում լարված իրավիճակ էր, անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ՝ կարգուկանոն հաստատելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո: Ազգային ժողովի բարձր ամբիոնից պետք է ելույթ ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն ընդդիմադիր գործիչները սկսեցին տեղից բղավել:

ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանին և Արմեն Ռուստամյանին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը շարունակեց տեղից խոսել, ինչից հետո իշխանական պատգամավորները նույնպես սկսեցին տեղից բղավել։

Ալեն Սիմոնյանը հորդորեց իշխանական պատգամավորներին տեղերից վեր չկենալ։

«Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատակիցներին։ Խնդրում եմ կարգուկանոն հաստատել դահլիճում»,- ասաց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը:

Որոշ ժամանակ անց ԱԺ նիստը վերսկսվեց: 

719