ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ափդեյթ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության` երգ-երաժշտության ուսումնասիրություն, գրանցում, ձայնագրում, նոտայագրում և հանրայնացում: Նշենք, որ արդեն երգեր են գրանցվել մարզի Վարդենիկ, Երանոս, Ծովասար, Մարտունի, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Վարդենիս, Ակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Ծովագյուղ, Վարսեր և Լճաշեն համայնքերում:

Ժողովրդական բազմաբնույթ երգը Վարդենիկ գյուղի տարբեր տարիքի բնակիչների հարստությունն է։ Տարեցների մեծ մասը բասենցիների ու մշեցիների սերունդներ են, որոնք մեր օրեր են հասցրել և վարդենիսյան համ ու հոտ տվել իրենց մեծերից լսած ազգային երաժշտությանը: Ծրագրի ընթացքը ոգևորիչ է ոչ միայն երիտասարդների, այլև տարեցների համար` արժևորելով միջսերնդային համագործակցությունը, ժառանգության համատեղ պահպանության բերկրանքն ու դրա փոխանցման կարևորությունը: Նպատակն է ոչ միայն նպաստել տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, այլև ճանաչելիության բարձրացմանը, ժառանգության նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու արդի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով դրա հանրահռչակմանը:

Ծրագրի արդյունքում կբացահայտվեն «երգող համայնքներ» և ժողովրդական երգերի կատարողներ, որոնք կենդանի կրողն ու փոխանցողն են տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության: Տեղեկացնենք, որ լավագույն 10 երգերը կհանրայնացվեն՝ կնոտայագրվեն և կտպագրվեն էլեկտրոնային գրքույկի ձևով:

273