Օգոստոսի 12-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արման Եղոյանի թեկնածությունը:

Թեկնածուի մասնագիտական որակները, նրա կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը: Արման Եղոյանը մասնագիտությամբ իրավաբան է,  պատմաբան  եւ եվրոպագետ: Նշենք, որ վերջինս յոթերորդ գումարման Ազգային ժողովում  նույնպես ղեկավարել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:

Իր ելույթում Արման Եղոյանը շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը իր թեկնածությունն առաջադրելու համար, անդրադարձավ հանձնաժողովի ծավալած գործունեությանն ու նրա գործառույթներին: Նա պարզաբանեց, որ 2007-ից ստեղծված այս հանձնաժողովը որոշակիորեն տարբերվում է ԱԺ մյուս մշտական հանձնաժողովներից, քանի որ այստեղ քիչ են քննարկվում օրենսդրական նախաձեռնություններ: «Առավելապես ունենալով ներկայացուցչական բնույթ՝ այս  հանձնաժողովի հիմնական գործառույթը Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության օրենսդրությունների  մոտարկումն ու ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման  նկատմամբ վերահսկողությունն է»,-պարզաբանեց թեկնածուն: Այս համատեքստում Արման Եղոյանն անդրադարձավ  նաեւ Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվելիք   2.6 մլրդ եվրո գումարին՝ նշելով, որ  կառույցի կողմից  նման  մեծ գումար   հատկացնելու  որոշումը պայմանավորված է անցկացված խորհրդարանական արտահերթ  ընտրությունների   որակով:

188