ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 11-ին` 23։30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով (լուծ, փսխում, ջերմություն) Արմավիրի մարզի Խանջյան համայնքից 8 բնակչի դիմելու վերաբերյալ, որոնցից 6-ը հոսպիտալացվել է:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր տուժածներն օգտագործել են օգոստոսի 9-ին շրջիկ ցիստեռնից գնված ջուր։ Բնակչության շրջանում կատարվել են իրազեկման աշխատանքներ (զգուշացվել է այդ ջուրը չօգտագործելու մասին)։

2021 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում՝ աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է ընդհանուր թվով 31 անձ, որոնցից 5-ը ևս հոսպիտալացվել է, իսկ մյուս պացիենտների նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

Արդյունքում` օգոստոսի 13-ի դրությամբ, «Արմավիր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժումը 8 պացիենտ, որոնց առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, դրական դինամիկայով։

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում կատարվել է պացիենտներից կենսանմուշների և ջրի նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար:

1091