«Հյուսիսային հոսքի-2» ոդիսականը կարծես մոտենում է ավարտին: Հուլիսին Ջո Բայդենի և Անգելա Մերկելի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի «Nord Stream 2 AG» ընկերության դեմ, որը զբաղվում է «Հյուսիսային հոսք-2»-ի աշխատանքներով: Ռուսական կողմը համարում է սա իր դիվանագիտական հաղթանակը` կարողանալով հասնել պատժամիջոցների չեղարկմանը: Հնարավորություն է ստեղծվում ավարտին հասցնել գազատարի աշխատանքները, որի 99%-ը արդեն պատրաստ է: Սակայն, չնայած նրան, որ ԱՄՆ-ը չեղարկել է պատժամիջոցները, սակայն որոշ խոչընդոտներ կան՝ կապված Լեհաստանի և Արևելյան Եվրոպայի ու Բալթյան որոշ երկրների հետ, որոնք կտրականապես դեմ են գազատարին: Բացի դրանից՝ նախագիծը մերժում են Գերմանիայի «Կանաչներ» և Ֆրանսիայի լիբերալ կուսակցությունները, և եթե այս աշնանը Գերմանիայում հաղթեն «Կանաչները», սա կարող է կրկին ձգձգել գազատարի աշխատանքները:

Պատժամիջոցների հանումը դուր չի եկել նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որի կարծիքով՝ ինքը Գերմանիային պաշտպանում էր Ռուսաստանից, իսկ Բայդենը անում է հակառակը` ոչնչացնելով ԱՄՆ-ի տնտեսությունը:

«Հյուսիսային հոսք-2» գազատարը, որը տարեկան 55 մլրդ խոր.մ ռուսական գազը պետք է հասցնի Գերմանիա, ըստ ծրագրի, նախատեսվում էր շահագործել 2019-ի դեկտեմբերին, սակայն աշխատանքները անընդհատ ձգձգվում են Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության հետևանքով: Այժմ հույս կա, որ աշխատանքները այս դեկտեմբերին կավարտվեն:

Գազատարի շուրջ բազմաթիվ քաղաքական և տնտեսական շահեր են բախվում: Դրանցից կարևորագույնը կարելի է համարել այն, որ գազատարը շրջանցում է Ուկրաինան, ինչը կազդի երկրի տնտեսության վրա: Գազատարերի գործարկման դեպքում Ուկրաինան կկորցնի 10-15 մլրդ խոր.մ գազ, այն դեպքում, երբ Ռուսաստանից Եվրոպա հասնող 200 մլրդ խոր.մ գազից 83 մլրդ 839,4 մլնն անցնում է Ուկրաինայի տարածքով: ԱՄՆ դեսպան Մարի Յովավովիչը հայտարարել է, որ, ըստ հաշվարկների, «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման դեպքում Ուկրաինան կկորցնի իր ՀՆԱ-ի 3%-ը: Վերջին 6 տարում Ուկրաինան փոխադրել է 474 մլրդ խոր.մ գազ՝ վաստակելով 14 մլրդ դոլար:

Մյուս տուժողներից է ԱՄՆ-ը, որն ամեն կերպ փորձում է իր հեղուկ գազը մատակարարել Եվրոպային, իսկ այստեղ նրա թիվ մեկ մրցակիցը Ռուսաստանն է:

Վերջիվերջո, սա այդքան էլ ձեռնտու չէ Եվրոպային, որի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ աղբյուրը` նվազեցնելով Ռուսաստանից իր կախվածությունը: Չնայած նման ցանկությանը՝ Եվրոպային դա չի հաջողվում: Վերջին դեպքը դրա լավագույն օրինակն էր, երբ «Գազպրոմի» համար գազի կոնդենսատ պատրաստող «Նովի Ուրենգոյի» գործարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով կտրուկ նվազեցին ԵՄ-ի համար առանցքային գազամուղներից մեկի՝ Յամալ-Եվրոպայի գազ մատակարարելու ծավալները: Հրդեհի հետևանքով գազի մատակարարումը 1.9-2.1 միլիոն խոր.մ/ժ-ից նվազեց մինչև  0,85 մլն խոր.մ/ժ-ի, որն էլ միանգամից ազդեց գազի գների աճի վրա:

 

4111