Օգոստոսի 20-ից մեկնարկում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնք նպատակ ունեն նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին` խորհրդակցությունները համատեղ անցկացնելու վերաբերյալ: Խորհրդակցությունների ընթացքում բացման խոսքով հանդես կգա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Քննարկումների օրակարգում ընդգրկված են հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, կքննարկվի Հանրակրթության պետական չափորոշիչը, որն այս ուսումնական տարում փորձարկվելու է Տավուշի մարզի դպրոցներում, իսկ 2023 թվականից կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում: Համաձայն սահմանված ժամանակացույցի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունները կմեկնարկեն Տավուշի մարզից` օգոստոսի 20-ին:

ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում խորհրդակցությունները կանցկացվեն օգոստոսի 23-ին, Արարատի և Արմավիրի մարզերում` օգոստոսի 24-ին, Շիրակում և Լոռիում` օգոստոսի 26-ին, Վայոց Ձորում և Սյունիքում` օգոստոսի 27-ին: Իսկ Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին:

Նույն օրը նախատեսված է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության և լիցենզավորված ոչ պետական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը, որով կամփոփվեն ուսումնական տարվա մեկնարկի վերաբերյալ աշխատանքային քննարկումները:

386