Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Ալեքսանդր Հակոբյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության և Երևանի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի կցորդիչով բեռնատարը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով շտապօգնության ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 43-ամյա Վարսիկ Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հ. Սիմոնյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Տաշիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, իսկ Mercedes-ի վարորդ Գ. Հովհաննիսյանն աշխատում է «ԲՏԲ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Շտապօգնության ավտոմեքենայով էլ Երևանի հիվանդանոցներից մեկն էին տեղափոխում հղի հիվանդի, ով բարեբախտաբար, չի տուժել, իսկ վիրավորը նրա ազգականն է։  

3045