ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը՝ Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանի և գործարար Մուշեղ Ներսիսյանի մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզում մասնակցել է Նիժնի Նովգորոդի հիմնադրման 800-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Նիժեգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Նիժեգորոդի մարզի կառավարության արտաքին կապերի վարչության տնօրեն Օլգա Գուսևան և Նիժեգորոդի հայկական համայնքի ղեկավար, Նիժնի Նովգորոդում ՀՀ պատվավոր հյուպատոս Աղասի Ալեքյանը:

Կողմերը բարձր են գնահատել մարզերի միջև սերտ համագործակցությունը տնտեսության, կրթության, մշակույթի հետ կապված մի շարք ոլորտներում, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել համատեղ ուժերը ներդնել փոխգործակցության ընդլայնման և նոր ուղիների զարգացման ուղղությամբ:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է իր ռուս գործընկերներին և Նիժեգորոդի մարզի բնակչությանը՝ նշանակալից իրադարձության կապակցությամբ՝ մաղթելով նրանց նոր հաջողություններ և ձեռքբերումներ, որպեսզի դարեր անց քաղաքը շարունակի անփոփոխ կերպով հիացնել բոլորին, իր հարուստ պատմությամբ և ջերմացնող գեղեցկությամբ:

Նիժեգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ Նիժեգորոդի մարզի նկատմամբ շարունակական ուշադրության համար, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի կարևոր իրադարձության՝ 800-ամյա հոբելյանի տոնակատարությունների ուրախությունը նրա բնակիչների հետ կիսելու պատրաստակամության համար:

Այս տարի լրանում է Վայոց ձորի և Նիժեգորոդի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքման 10-ամյակը:

 

112