ՀՀ կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով խորհրդարանը օգոստոսի 24-ին գումարեց Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:

Կառավարության ծրագիրը ներկայացրեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ փաստաթուղթը ներկայացնում է արտառոց պայմաններում. «2020-ի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրն անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռեւս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում եւ Հայաստանում ստեղծված ոչ սովորական  եւ բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ ահագնացող  անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետեւանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները եւ դրա հետեւանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակն արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք Կառավարության ծրագիրը»:

Ըստ վարչապետի՝ քննարկումը պետք է լինի ոչ միայն խնդիրների եւ մարտահրավերների արձանագրման, այլեւ դրանց պատճառների եւ ծագումնաբանության մասին եւ ամենակարեւորը՝ պետք է լուծման ուղիներ նախանշի կարճաժամկետ, միջնաժամկետ, նաեւ ռազմավարական հեռանկարի առումով. «Ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում՝ մի կետի վրա, որտեղից  շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության եւ պետականության համար»:

134