Մշտադիտարկումներ են իրականացվել Երևանի երկաթուղային կայարանի և Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտի նկատմամբ։

Օգոստոսի 27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը և աշխատակիցները ստուգումներ ու մշտադիտարկում են իրականացրել Երևանի երկաթուղային կայարանում՝ («Սասունցի Դավիթ կայարան») և Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

COVID-19-ի տարածումը կանխարգելելու և անվտանգության կանոնների պահպանման նպատակով Երևանի երկաթուղային կայարանում իրականացված մշտադիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել են, որ վագոններում տեղ-տեղ բացակայել են ախտահանիչ հեղուկները։ Տեղում տնօրինությանը տրվել է խախտումն անհապաղ շտկելու պարտադիր կատարման ցուցում։ Նույն օրը ՀՀ ՔՏՀԱՏՄ մասնագետները ՀՀ ոստիկանության ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ դիտարկումը շարունակել են նաև Կենտրոն վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի նկատմամբ։

Կանգառներում և շրջիկ կարգախմբերով վերահսկվել են տաքսամոտորային, ավտոբուսային ու միկրոավտոբուսային ուղևորափոխադրում կատարող մոտ 30 տրանսպորտային միջոց։ Կազմվել է իրավախախտման 8 արձանագրություն: Վարչական արձանագրություններ կազմելուց զատ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն իրազեկման աշխատանք են կատարել ուղևորների և վարորդների շրջանում, տվել նախազգուշացումներ։ Հավելենք, որ հանրային տրանսպորտի մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին։

206