Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցները, մասնավորապես՝ բջջային կապն ու համացանցը, տևական ժամանակ է աշխատում են խափանումներով։ Որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից։ Աս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ստացված բազմաթիվ ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, մասնավորապես հարցի վերաբերյալ պարզաբանումներ են ստացվել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումներից և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից։

Հավաքագրված փաստերը վկայում են, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունը Արցախի տարածքում խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։ Ադրբեջանը օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։

ՄԻՊ աշխատակազմ ստացված պարզաբանումների համաձայն՝ հարցը ներակայացվել է ռուս խաղաղապահների ուշադրությանը, պետական իրավասու մարմինների կողմից աշխատանքներ են տարվում տեխնիկական հզորությունների կատարելագործման և ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ։

272