Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում, Գավառ բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել տղա երեխայի դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղի բնակիչ, 14-ամյա Սպարտակ Կ.-ն էր:

Ոստիկանները՝ համագործակցելով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ, պարզել են, որ երեխայի դին հիվանդանոց է տեղափոխվել իրենց գյուղից:

Ըստ նախնական տեղեկությունների, երեխան գյուղում վարելիս է եղել ԳԱԶ-53 մակնիշի բեռնատարը, և այն ընթացքում հանգել է, տղան բարձրացել է՝ «կապոտը» բացել է, որպեսզի տեսնի, թե ինչն է մեքենայի խնդիրը, այդ ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար 100 մետր առաջ է ընթացել մոտ դեպի ձորը ու քանի որ երեխան կանգնած է եղել ավտոմեքենայի առջևի շթի վրա, վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ, իսկ բեռնատարը բախվել է շինության պատին:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննրչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

2247