Ուսումնական շրջանի մեկնարկին ոստիկանությունն անցնում է մեկամսյա ուժեղացված ծառայության։ Այդ կապակցությամբ օգոստոսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապակում անցկացվել է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների շարային ստուգատես: Ստուգատեսին ընդգրկված էին նաև տրանսպորտային միջոցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ստուգատեսն անցկացնում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ուշադրության կենտրոնում անձնակազմի շարային կեցվածքն էր, արտաքին տեսքը, ծառայության մեջ ամենօրյա պահանջվող պարագաների առկայությունը:

Ստուգվել է նաև ստորաբաժանումներին ամրակցված պարեկային մեքենաների տեխնիկական վիճակը` լուսային, ձայնային, կապի միջոցներով և բարձրախոսներով մեքենաների հագեցվածությունը: Տրանսպորտային միջոցներում պետք է նաև դեպքի վայրը սահմանափակող ժապավեն և բուժօգնության պարագաներ լինեն։

Ամփոփելով արդյունքները` ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը ստորաբաժանման պետերին թերությունները վերացնելու, անձնակազմի շարային պատրաստվածությունը բարձրացնելու վերաբերյալ ցուցումներ է տվել՝ կրկին շեշտելով, որ ուսումնական հաստատությունների մոտ անվտանգ երթևեկությունն ու հասարակական կարգն ապահովելիս անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն:

167