Տիգրանի ծնվելուն ընտանիքը սպասել էր 5 տարի։ Շատ աշխույժ ու ժպտերես տղան ամենասիրելին էր ընտանիքում։ Տիգրանի քույրը՝ Էլենը, պատմում է․ «Բանակից ամեն օր զանգում էր, միշտ ասում, որ ծառայությունը շատ լավ է անցնում։ Երբեք չէր բողոքում որևէ բանից։ Բոլորս հանգիստ ու վստահ էինք՝ ողջ ու առողջ հետ է գալու»։

Տիգրանի մարտական ընկերը՝ Արան, ասում է, որ երբեք չի մոռանա, թե ինչպես էր Տիգրանը մարտի դաշտում փորձում իրեն ուշքի բերել․ «Վիրավոր էի, ուշագնաց․․․ բայց ասես հա՛մ տեսնում էի Տիգրանին, հա՛մ լսում ձայնը․․․ գոռում էր՝ լույսը բացվելու ա, ախպերս, տուն ենք գնալու, դիմացի՛»։

2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ պատերազմի թեժ մարտերից մեկի ժամանակ, Տիգրանը ոտքից վիրավորվում է։ Չնայելով իր վիրավոր լինելուն՝ ավելի ծանր վիրավոր զինակից ընկերներին «ՈՒԱԶ» մեքենայով հասցնում է հոսպիտալ՝ անցնելով 130 կմ։ Ինքը, չնայած վիրավոր լինելուն, վերադառնում է դիրքեր։

Նույն օրը ԱԹՍ-ի բեկորային հարվածից մահացու վիրավորվում է Տիգրանը: Ընկերները նրան տեղափոխում են Գորիսի հոսպիտալ, այնտեղից էլ Երևան: Տիգրանի մայրը պատմում է․ «Տիգրանս կոմայի մեջ էր 4 օր։ Երբ հետը խոսում էի՝ արտասվեց․․․ Միակ մխիթարությունս էդ է, որ տղաս գոնե վերջին անգամ լսեց իմ ձայնը»։

1206