Բնապահպանի տուն հասարակական կազմակերպությունն ահազանգում է տափաստանային ճուռակ թռչնատեսակի ձագերի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։ Այս մասին ասված է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Կազմակերպությունը հրապարակել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես են ձագերին հեռացրել իրենց բնից։ Լուսանկարի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ թռչունները վերադարձվել են բույն:

Սակայն, որևէ դեպքում չի կարելի թռչուններին անհանգստացնել, ձագերին հեռացնել բնից, քանի որ դա կարող է հանգեցնել թռչունների՝ բույնը լքելուն և մահվան։

Անընդունելի է որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը։

Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝

Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

334