ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակում է ծանոթանալ մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական բյուջեի ֆինանսավորմամբ և համաֆինանսավորման ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին:

Համայնքային հերթական այցի շրջանակում մարզպետը եղել է Ակնալճում և Ջրաշենում, կանգառ է ունեցել նաև Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհին, հետևել ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:

 

Ակնալիճ համայնքում մարզպետին ներկայացվել են Եվրասիական զարգացման բանկի 90 % ֆինանսավորմամբ և համայնքի 10 % համաֆինանսավորմամբ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում ընթացող ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգման աշխատանքները:

 

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մարզի 39 համայնքում համաֆինանսավորման այս ծրագրի շրջանակում ընթանում են ոռոգման ներտնտեսային ցանցերի վերանորոգմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ: Ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 93 կմ ոռոգման ներտնտեսային ցանց: Ակնալճում ծրագրի իրականացմամբ կապահովենք 40 հեկտար հողատարածքի լիարժեք ոռոգում»,- անդրադառնալով մարզում ծրագրի կարևորությանը՝ նշել է Համբարձում Մաթևոսյանը:

Այնուհետև մարզպետին ներկայացվել են 2020 թ. սուբվենցիոն ծրագրով Շահումյան փողոցի մի հատվածի, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 1758 գծմ:

Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Ակնալճում 2018 թվականից սկսված միջհամայնքային ճանապարհների նորոգմանն ուղղված ծրագրերը, որոնց արդյունքում ասֆալտապատվել է նաև Ակնալիճ համայնքի Շահումյանի անվան փողոցի և նրանից դեպի ավտոմայրուղի ընկած հատվածը, ինչպես նաև Արարատյան և Ազատամարտիկների փողոցների մի մասը:

Ակնալճից Ջրաշեն տանող ճանապարհին մարզպետը կանգառ է ունեցել Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի կմ 37+417- կմ 42+988 հատվածում, որտեղ պետական բյուջեի միջոցներով Մեծամորից մինչև Արմավիր քաղաք 5.57 կմ երկարությամբ ճանապարհահատվածում իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։

«2018 թ. վերանայելով Արմավիրի մարզի զարգացման հնգամյա ծրագիրը՝ մենք կարևորագույն խնդիրը համարեցինք Երևանից դեպի Արմավիր քաղաք Մ-5 ճանապարհահատվածի նորգումը: Քանի որ ճանապարհի ամբողջական վերանորոգումը բավականին թանկ կլիներ, որոշեցինք այն իրականացնել տրանշներով և տարեցտարի: Առաջին փուլով ավարտել ենք Արմավիր քաղաքի միջքաղաքային հատվածը, այնուհետև Երևան-Փարաքար, Փարաքար-Էջմիածին հատվածը, իսկ այժմ ավարտական փուլում է Մեծամորից դեպի Արմավիր քաղաք տանող հատված՝ ամբողջությամբ կառավարության միջոցներով և Ճանապարհաշինարարական դեպարտամենտի վերահսկողությամբ»,- նշել է մարզպետը՝ հավելելով, որ հաջորդ տարի կսկսվի նաև Մեծամոր-Էջմիածին ճանապարհահատվածի հիմնանորոգումը և դրանով ամբողջությամբ կավարտվի Արմավիր-Երևան ճանապարհի վերանորոգումը:

Այնուհետև այցելելով Ջրաշեն համայնք՝ Համբարձում Մաթևոսյանը ծանոթացել է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով 1-ին փողոցի կենտրոնական ճանապարհահատվածի մայթերի սալարկման աշխատանքների ընթացքին:

«Ինձ համար ուրախալի է, որ պետական աջակցությամբ այս համայնքում առաջին անգամ իրականացվող ծրագիրը սկիզբ է դարձել նոր ծրագրերի համար. շուտով Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի նաև համայնքի մշակույթի տան տանիքը, իսկ դպրոցում մասնակի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն»,- իր խոսքում նշել է մարզպետը Համբարձում Մաթևոսյանը՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին և համայնքի ղեկավարին հորդորելով հետևողական լինել ընթացող և նախատեսվող շինաշխատանքների որակի պահպանման նկատմամբ:

386