Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը Թուրքիային մեղադրել է մարդու իրավունքների, ինչպես նաև  ՄԻԵԴ-ի որոշումներին ենթարկվելու պարտավորությունը խախտելու համար: Պատճառը, գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետը երկարացնելու Ստամբուլի դատարանի որոշումն է, տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) կենտրոնի հիմնադիր Օսման Քավալան, ում տարբեր մեղադրանքներ են առաջադրվել «Գեզի» զբոսայգու անկարգությունների, ինչպես նաև՝ 2016 թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի առթիվ հարուցված գործերով, արդեն 46 ամիս գտնվում է թուրքական բանտում։

Քավալան կալանավորվել է 2017 թվականին, իսկ 2019 թվականի մայիսին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրք պաշտոնյաները Քավալայի դեմ դատական գործ են հարուցել՝ վերջինին լռեցնելու նպատակով։

Եվրոպական խորհրդի Նախարարների կոմիտեն հունիսին հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի որոշումներին չհնազանդվելու դեպքում Թուրքիայի դեմ «խախտման գործընթաց» կարող է հարուցվել, որի շրջանակում Եվրախորհուրդը պատժամիջոցներ է կիրառում եվրոպական օրենքները խախտող երկրների դեմ։ Ուշագրավ է, որ մինչ օրս նման պատժամիջոց կիրառվել է միայն մեկ անգամ, այն էլ՝ Ադրբեջանի նկատմամբ։

152