Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան չի բացառում երկրում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման սահմանումը, հայտարարելով, որ կառավարությունն այդ մասին որոշում կկայացնի  «մի քանի շաբաթ անց»: Տեղեկությունը armeniasputnik.am-ի փոխանցմամբ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սպերանցան հիշեցրել է, որ Իտալիան Եվրոպայում առաջինն է պարտադիր պատվաստում սահմանել բուժաշխատողների համար, որից հետո նրա օրինակին հետևել են մյուս երկրները:

«Պատվաստման պարտավորությունը ոչ թե արդեն ընդունված և վստահ որոշում է, այլ գործիք, որը մենք ունենք, և անհրաժեշտության դեպքում այն կօգտագործվի առանց երկմտելու»,-հայտարարել Է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

Սպերանցան ընդգծել է, որ ներկայիս պայմաններում, երբ վարակումները շարունակվում են, անհրաժեշտ է կա՛մ ուժեղացնել պատվաստումների արշավը, կա՛մ «պատկերացնել, որ ինչ-որ պահի ստիպված ենք լինելու անցյալի միջոցառումներ կիրառել»։

«Պատվաստանյութերը փրկում են մարդկանց կյանքը։ Համավարակի ժամանակ դրանց ազդեցությունը կարող է կարճ լինել. կա՛մ մենք պետք է դրանց վրա խաղադրույք կատարենք, կա՛մ էլ ստիպված կլինենք նոր սահմանափակումներ մտածել»,-ասել է նախարարը՝ նշելով, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կարգադրությունը պարտադիր պատվաստումների վերաբերյալ կարող էր հեշտացնել դրա կիրառումը ։

Իտալիայում COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստման արշավն անցկացվում է կամավորության հիմունքներով։ Միակ բացառությունն արվել է բուժաշխատողների համար, որոնք կառավարության` ապրիլի 1-ի հրամանագրի համաձայն պետք է պատվաստվեին կորոնավիրուսի դեմ։ Բացի այդ, սեպտեմբերից «կանաչ անձնագրի» հավաստագիրը պատադիր է բուհերի և դպրոցների անձնակազմերի համար․ անցագիրը կարելի է ստանալ պատվաստումից հետո կամ ժամանակավոր՝ վարակման թեստ հանձելուց հետո։

Սեպտեմբերի 2–ին վարչապետ Մարիո Դրագին թույլատրեց ընդլայնել պարտադիր պատվաստումները և green pass գործողությունները։

Գարնանը Իտալիայի իշխանությունները խնդիր էին դրել պատվաստել բնակչության 80 տոկոսին և սեպտեմբերի վերջին երկրում հասնել կոլեկտիվ իմունիտետի: Այսօրվա դրությամբ, ըստ առողջապահության նախարարության տվյալների, իմունիզացիան ավարտել են 12 տարեկանից բարձր բնակչության 71 տոկոսը: Ներկայում երկրում բաշխվել է պատվաստանյութի ավելի քան 79 մլն չափաբաժին:



 

439