Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունեցել «Հուսո աստղ» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ «Տարվա բժիշկ եւ տարվա բուժհիմնարկ- 2021» խորագրի ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցանակաբաշխությունը  կազմակերպվել էր Համազգային վստահության խորհրդի կողմից: Լավագույններն ընտրվել են սոցիոլոգիական հարցումների եւ փորձագիտական գնահատման արդյունքում:

Ի թիվս պարգեւատրված մի շարք բժիշկների եւ բուժհիմնարկների՝ Գավառի բժշկական կենտրոնն այս մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Տարվա մարզային բժշկական կենտրոն» մրցանակի:

Այն բժշկական կենտրոնին շնորհվել է՝ բժշկի կոչումը բարձր պահելու , արդի նորամուծությունների կիրառման եւ որակյալ մասնագետներով հագեցած անձնակազմ ձեւավորելու համար :

Մրցանակը հանձնվել է Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանին:

Տնօրենը շնորհակալություն է  հայտնել վստահության համար, նշելով, որ խրախուսանքը նաեւ պարտավորեցնում է՝ ավելի ակտիվ գործունեություն ծավալել բնակչության առողջության ապահովման հարցում:

Գարիկ Սողոմոնյանը հավելել է, որ այդ մրցանակը նաեւ Գավառի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի ցուցաբերած տքնաջան աշխատանքի, բարձր պատասխանատվության եւ մասնագիտական որակյալ կարողությունների արդյունք է:

659