Սեպտեմբերի 7-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում բացվեցին լեգենդար ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանի, Արկադի Անդրեասյանի արձանները, ինչպես նաև դպրոցի հիմնադիր-տնօրեն Էդուարդ Գրիգորյանի և Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արիության մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի կիսանդրիները։

Միջոցառման ընթացքում կայացավ նաև երկու նոր մարզադաշտերի բացման արարողությունը։

Օրն «Ուրարտու»-ում տոնական ստացվեց։ Հուշարձանների բացման արարողությանը ներկա էին մեծ թվով հյուրեր։ «Արարատ-73» լեգենդար թիմի ֆուտբոլիստներ՝ Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը նույնպես ներկա էին այս միջոցառմանը։ «Ուրարտու»-ում էին նաև ՀՖՖ ղեկավար կազմը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և պատվարժան այլ հյուրեր։

Միջոցառումների շարքը սկսվեց «Ուրարտուի» պատմության մեջ հետք թողած մարդկանց մասին ֆիլմի կինոդիտմամբ։ Այնուհետև ելույթով հանդես եկավ ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը, «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն և դպրոցի հիմնադիր-տնօրեն Էդուարդ Գրիգորյանի որդին՝ Արմեն Գրիգորյանը, որն իր ելույթի վերջում Էդուարդ Գրիգորյանի անձնական արխիվից խորհրդանշական նվերներ հանձնեց ակումբին, որպես թանգարանային նմուշ։

Այնուհետև կայացավ արձանների բացման հանդիսավոր արարողությունը, որի ավարտից հետո ելույթով հանդես եկան ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, իսկ ավարտական ելույթն ունեցավ ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը։

Միջոցառման վերջում կայացավ նաև արհեստական խոտածածկով երկու խաղադաշտերի բացման հանդիսավոր արարողությունը։

161