Պաշտոնական այցող Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբիաշվիլիիի միջև տեղի ունեցած քննարկման մեծ մասը նվիրված էր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին։

«Այո, մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ, ցավոք, մեր տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հարցեր, կոնֆլիկտներ և սպառնալիքներ կան, բայց մենք մեր երկխոսության մեջ փորձում ենք ավելի շատ իրար օգնել, որպեսզի կենտրոնանանք հնարավորությունների վրա, որոնք զուգահեռաբար գոյություն ունեն։ Կարծում եմ՝ հնարավորությունների օգտագործման հարցում իրար աջակցելը հենց այդ բանաձևն է, որը պիտի մեզ համար ավելի հնարավոր և հասանելի դարձնի ռիսկերի կառավարումը»,լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջից հունիսին 15 հայ գերիներին վերադարձի, հայրենադարձման գործում ցուցաբերած աջակցության համար։

«Այդ օրերին, երբ մենք քննարկում էինք, երևի մի քանի տասնյակ անգամ իրար հետ հեռախոսով կապվել ենք, և դա նախընտրական քարոզարշավի շրջան էր, ես նույնիսկ հումորով ասում եմ՝ այդ երկու օրվա ընթացքում ես ավելի շատ Վրաստանի վարչապետի հետ էի շփվում, քան մեր ընտրողների։ Կարծում եմ, որ այդ երկու օրերը շատ կարևոր էին նաև մեր անձնական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորելու առումով, և այդ օրերին ձևավորված մթնոլորտը շատ լավ հենք է, որպեսզի մեր երկրների և կառավարությունների հարաբերություններն ավելի արդյունավետ և սերտ տրամաբանություն ունենան»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Ղարիբաշվիլիի հետ պայմանավորվել են, որ առաջիկայում նորից կակտիվացնեն միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։

«Պետք է ընդգծեմ նաև հետևյալ հանգամանքը, որ նախկինում ընդգծվել է. մեր հարաբերությունների առումով չափազանց կարևոր է, որ մեր երկրները շարունակաբար ի ցույց են դնում իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը և ժողովրդավարական գործընթացներին, և սա, կարծում եմ, նույնպես՝ մեզ համար, մեր հարաբերությունների զարգացման համար ստեղծում է նոր հնարավորություններ։ Այնուամենայնիվ, ես վարչապետ Ղարիբաշվիլիին ներկայացրեցի Կառավարության ծրագրում ի հայտ եկած՝ տարածաշրջանային թեմաների և տարածաշրջանային լուծումների վերաբերյալ այն առաջարկությունները և պատկերացումները, որոնք մենք ունենք, որոնց մասին հայտարարել ենք։ Կարծում եմ՝ այստեղ էլ նոր հնարավորություններ կան, որոնց օգտագործումը, կիրառումը դեռևս փաստ չէ, բայց մենք խոսում էինք այն մասին, որ, այնուամենայնիվ, պետք է ջանքեր գործադրել այդ հնարավորություններն օգտագործելու համար»,- շեշտեց վարչապետը։

ՀՀ վարչապետը նշեց նաև, որ իր գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների տարանցման հնարավորությունները։

«Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և առանձին վերցրած Վրաստանի տարանցման հնարավորություններին։ Մենք քննարկում էինք, թե ինչ կարող անել, որպեսզի փոխադարձաբար միմյանց պոտենցիալն ավելի մեծանա։ Այդ առումով հիմա, տեղյակ եք, որ իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես քննարկում ենք ծրագրեր, և հույս ունեմ, որ հնարավոր լուծումներից մեզ կհաջողվի գտնել ամենաարդյունավետ տարբերակը»,- եզրափակեց վարչապետը։

169