Ինչպես արդեն հայտնի է, ԵՄ-ը ցանկանում է սեփական արագ արձագանքման ուժերը ստեղծել, որոնք կլինեն անկախ։ Որոշումը հիմնականում կապված է Աֆղանստանում ամերիկյան զորքերի ձախողված առաքելության հետ։ Եվրոպայում կարծում են, որ սեփական անկախ կոնտինգենտը չունենալու պատճառով, նրանք չկարողացան որևէ կերպ դիմադրել թալիբներին։ 

ԵՄ-ը բազմիցս ցանկություն է հայտնել առանձին բանակ ունենալու մասին, իսկ այժմ արդեն նա այդ մասին բարձրաձայնում է  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը նշել է, որ միության բոլոր երկրների կամ առնվազն դրանց մեծամասնության համար ակնհայտ է, որ պետք է զարգացնել հարկ եղած դեպքերում ավելի անկախ գործելու կարողություն։ Նա նշել է, որ Եվրոպային ավելի մեծ ռազմավարական անկախություն է պետք։

Եվոպայում անվտանգության անկախ ռազմական ուժ ունենալու մասին նոր չէ, որ խոսվում է։ Այն քննարկման թեմա է դարձել դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ հիմնական ջատագովը եղել է Ֆրանսիան։

Ներկայումս էլ անկախ ռազմական ուժ ունենալու մասին ամենաակտիվը բարձրաձայում է Էմանուել Մակրոնը, որը նախագահ ընտրվելուց հետո հայտարարել է եվրոպական միասնական բանակ ստեղծելու մասին։ Անգամ Ֆրանսիայում սկսված «դեղին բաճկոնների» ցույցերը կապում են այս հայտարարության հետ։ Վարկածներ էին առաջ քաշվում, որ Մակրոնի և իր թիմի դեմ այս ցույցերը հրահրում է ԱՄՆ-ը, որին դուր չի եկել Եվրոպայի անկախ բանակ ունենալու որոշումը։

Ընդհանրապես, ՆԱՏՕ-ն խանդով է վերաբերվում Եվրոպայում առանց իր ներկայության որևէ ռազմական կոնտինգենտի ստեղծմանը։ Նա հասկանում է, որ սա կարող է թուլացնել իր ազդեցությունը Եվրոպայում, ինչպես նաև թուլացնել իր մենաշնորհն աշխարհում։ Իր հերթին Եվրամիությունն էլ միշտ ապավինել է ՆԱՏՕ-ին։

Թե ինչքան է Եվրոպան կարևորում ՆԱՏՕ-ն, երևում է թվերից՝ Պենտագոնը 2018 թ. Եվրոպայի համար հատկացված գումարը 789 միլիոն ԱՄՆ դոլարից դարձրել է 4.77 մլրդ՝ ՆԱՏՕ-ի ծախսերի 70%-ը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը Եվրոպական ռազմական ուժին անդրադառնալով՝ նշել է, որ ԵՄ բանակի ստեղծումը կարող է թուլացնել անդրատլանտյան դաշինքը և պառակտել Եվրոպան: Նրա կարծիքով, Արևմուտքը չունի բավարար ռեսուրսներ, ուստի անհրաժեշտ է կանխել ՆԱՏՕ-ի գործառույթների կրկնությունը:

Ակնհայտ է, որ Եվրամիությանը հեշտությամբ չի տրվի անկախ ռազմական ուժ՝ հաշվի առնելով նաև, որ ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարներից ոչ բոլորն են հավանություն տալիս այդ գաղափարին՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ից, իսկ ավելի հստակ՝ ԱՄՆ-ից նրանց կախվածությունը, իսկ եթե ամեն դեպքում ստացվի Եվրոպական բանակ ստեղծել, սա կթուլացնի ԱՄՆ-ի դիրքերը Եվրոպայում։

ԵՄ-ը 2007-ին ստեղծեց 1500 մարտունակ խմբակային համակարգ՝ ճգնաժամերին արձագանքելու համար, սակայն դրանք երբեք չեն կիրառվել:

 

Մկրտչյան Ջուլիետա

 

240