«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Լավ լուր

Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,
տեղեկացնում ենք, որ ՀայՓոստի միջոցով սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել:

Սիրով՝ ՀայՓոստ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․

«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,
ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:

Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Շնորհակալություն ՀայՓոստն ընտրելու համար»։

Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Պետական կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով Հայփոստն ու բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով:

Վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում․ հայցում ենք ձեր ներողամտությունը»։

1293