ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Իրանում պղնձի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող Babak copper ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորությամբ։ Ընկերությունը Իրանում  հանքարդյունաբերությամբ զբաղվող  հայտնի և  ամենամեծ  ընկերություններից մեկն է։

Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզան շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և նշել, որ  հանդիպման նպատակը  իրենց ընկերության ներուժը ներկայացնելն է և Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները հայկական կողմի հետ քննարկելը։ 

«ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով պատվիրակության անդամներին  Հայաստանում, ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև շատ ոլորտներում արդեն հաջողված ծրագրեր և ձևավորված արդյունավետ համագործակցություն կա՝ նշելով, որ ուրախ է արձանագրել, որ ընդերքի ոլորտը ևս իրանական կողմի  հետաքրքրության շրջանակում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը Babak copper ընկերության  ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել Իրանում ընկերության գործունեության մասին, տեղեկացրել են  ընկերության  արտադրական հզորությունների  և պղնձի արտադրության մեջ իրենց կողմից կիրառվող կենսալուծազատման (hin tank leaching)  տեխնոլոգիայի մասին։ Նշվել է, որ Իրանում ընկերությունն ավելի քան 400 մլն եվրոյի ներդրում է կատարել, քննարկվել է Հայաստանում ներդրումների հնարավորության հարցը։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ այլ հանդիպում կազմակերպել Babak copper ընկերության և ոլորտում գործունեություն ծավալող հայկական ընկերությունների մասնակցությամբ և համատեղ քննարկել իրանական կողմի առաջարկը։

160