Սպիտակը Լոռու մարզում մոտ 13 հազար բնակչություն ունեցող փոքրիկ քաղաք է՝ իր հարակից գյուղերով ու պատմությամբ։ Գյուղերից մեկը Լուսաղբյուրն է, որտեղից էլ մեր նյութի հերոսուհին է՝ Նունե Քոչարյանը, ով վերապրել է Սպիտակի` 1988 թվականի երկրաշարժը, կարճ ժամանակով «կորցրել» իր սիրած տղային, ապա` վերագտել։ Այդ երկրաշարժը շատերի կյանքի ուղին է փոխել, այդ թվում և Նունեի ու իր սիրելիի՝ Դավիթի, ում հետ էլ հետագայում ընտանիք է կազմել։

Դպրոցական տարիքի սերն ուրիշ է

Նունեն ու Դավիթ Քոչարյանը ծնվել և մեծացել են նույն գյուղում՝ Լուսաղբյուրում, հաճախել են նույն դպրոց ու նույն դասարան։ Տիկին Նունեն պատմում է, որ միմյանց համակրել են դեռ շատ փոքր տարիքից, սակայն այդ մասին իրար չեն խոստովանել:

«Մենք նույն գյուղից ենք եղել, սովորում էինք նույն դասարանում, ամուսնուս անունը Դավիթ Քոչարյան է: Ես գյուղի 10-ամյա դպրոցն ավարտել եմ, իսկ ինքը 8-րդ դասարանից դուրս էր եկել ու տեղափոխվել Գյումրու մաթեմատիկական թեքումով դպրոց: Դեռ դպրոցական տարիներից մենք համակրում էինք իրար, բայց երբեք այդ թեմայով չէինք խոսել: Գյուղի, հատկապես երեխաների սերն ուրիշ է, ավելի պարզ ու մաքուր է լինում: Բացի իմ մի քանի ընկերուհուց, այլ մարդ չգիտեր զգացմունքներիս մասին»,- նշում է տիկին Նունեն ու ասում, որ անգամ Դավիթի Գյումրի տեղափոխվելը չէր անդրադարձել իրենց շփման վրա, քանի որ վերջինս շաբաթ և կիրակի օրերին միշտ գյուղ է եկել:

Դպրոցի ավարտական տարում Դավիթը գնացել է Ռիգա, այնտեղի բժշկական համալսարանի զրո կուրսում է սովորել, հետո Լատվիայի իշխանությունները բոլոր արտասահմանցի ուսանողներին հետ են ուղարկել իրենց երկրներ: Հիշում է, որ Ռիգայում սովորելու ընթացքում արդեն նամակներով են  շփվել միմյանց հետ: Անկեղծանում ու ծիծաղելով պատմում է, որ Դավիթն իրեն կարող էր 3 հատ նամակ գրել, սակայն ինքը 1 նամակով էր պատասխանում: Նամակները սիրո մասին չեն եղել, այլ՝ ընկերական. ուղղակի միմյանցից հարցրել են, թե ով ինչ է անում, ինչով է զբաղված, դասերն ինչպես են անցնում և այլն: Տիկին Նունեն ցավով նշեց, որ երկրաշարժից հետո Դավիթը կորցրել էր նամակները:

«Ես սկզբում ասում էի, որ պահել եմ մեր նամակները, իսկ ինքն անուշադիր է եղել: Չնայած, երբ գյուղից տեղափոխվեցինք Գյումրի՝ մնացածն էլ կորցրեցինք: Ցավոք, չեն պահպանվել մեր նամակները»,- պատմում է մեր նյութի հերոսուհին:

Դպրոցն ավարտելուց հետո երկուսն էլ առաջին տարում չէին ընդունվել բուհ: Տիկին Նունեն դիմել էր Մանկավարժական համալսարանի Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մասնաճյուղի Մաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետ, սակայն բալերը բավարար չէին եղել։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

796