Ալիև կրտսերը ամենևին էլ չի հագեցել 44-օրյա պատերազմի արդյունքներից: Անընդհատ դիմում է սադրանքների, եւ այդ սադրանքների գլխավոր թիրախն, ինչ խոսք, Հայաստանն է, այդ ճանապարհին անգամ փորձում է ատամ ցույց տալ Ռուսաստանին, սակայն ռուսները բաց տեքստով բազմիցս հայտարարել են, որ իրենց` Արցախում գտնվելը կարճաժամկետ բնույթ չի կրում:

Ալիևն այս քայլերին ինքնագլուխ չի գնում։ Նրա գործողությունները բացառապես պայմանավորված են Թուրքիայի հետ համաձայնեցմամբ: Գերտերությունները, գիտակցելով մեր «քաշի» պետության համար աշխարհում գործող կարմիր գծերը, աչք փակեցին Ալիևի պատերազմական հանցագործությունների վրա։

Արևմուտքն իր հերթին փորձում է ներկայություն ապահովել տարածաշրջանում, բայց ինչպես ցույց է տալիս ժամանակը, նրանց գործողությունները հայտարարությունների մակարդակից այն կողմ չեն անցնում: Այս իրավիճակում Հայաստանը պետք է, ընդհանուր շահի վրա հիմնված, խորացնի հարաբերություննեը Ռուսաստանի հետ` նոր մակարդակի հասցնելով այն, և երկխոսի Թուրքիայի հետ, մանավանդ, որ թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը համաձայն են Հայաստան-Թուրքիա ուղիղ երկխոսությանը: Մնացած բոլոր թեզերը «անպատասխանատու հայրենասիրության» ժանրից են:

Ստեղծված վիճակում հատկապես կարևոր է այս հարցի վերաբերյալ ներհայաստանյան քաղաքական դիսկուրսը, որը, մեղմ ասած, մտահոգիչ է: Իշխանության երկարատև խաղաղության և հարևանների հետ երկխոսելու թեզը նախկին քաղաքական շրջանակների կողմից որևէ կերպ չի ընկալվում, կամ չընկալվելու իմիտացիա է արվում, քանի որ ունեն այսրոպեական շահեր և առաջնորդվում են դրանով։ Անհասկանալի է Դաշնակցության դիրքորոշումը: Դաշնակցությունն իր ուսերին կրում է հարյուր երեսուն տարվա վաղեմության քաղաքական կապիտալ և ծանր օրերին Թուրքիայի հետ երկխոսելու դառը փորձ: Նրանք այսօր քննադատում են իշխանություններին, մեղադրելով, թե` զոհերի արյունը դեռ չչորացած, ինչպես կարելի է խոսել Թուրքիայի հետ։ Սակայն մոռանում են, որ 1918-20 թթ. զոհերի արյունը դեռ չչորացած, իրենք էլ են խոսել Թուրքիայի հետ: Ավելին` ՎրացյանըԽատիսյանը և Քաջազնունին ծանր որոշումներ են կայացրել, բայց պատմության մեջ չեն մնացել որպես հողատուներ: Զիջումների գնացել է նաև Սերժ Սարգսյանը Ցյուրիխյան երկու արձանագրություններով, որոնք հետագայում ուղարկվեցին գրողի ծոցը։

Վերջապես, Թուրքիայի հետ երկխոսությունն իր մեջ արդեն իսկ պարունակում է անվտանգության բաղադրիչ: Հայաստանը պետք է և պարտավոր է երկխոսի Թուրքիայի հետ: Այլընտրանքը կարող է լինել կործանարար, իսկ այդ ժամանակ, թե ովքեր իրենց ճակատին կկրեն իրական հողատուի ու ազգակործանի խարանը, քննարկման այլ թեմա է:

559