Երևանում երրորդ անգամ կայանալու է Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե, Երևան 2021-ը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով, կրկին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո, 2021 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 18։00-ին՝ Երևանում, Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում (Աբովյան 13) կայանան Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի բացման, իսկ հոկտեմբերի 11-ին, ժամը 19։00-ին՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունները։ Բիենալեն կշարունակվի մինչև 2021 թ. նոյեմբերի 18-ը։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և բիենալեի կազմկոմիտեն կրկին կհյուրընկալեն Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի միջազգային ժյուրիի անդամներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին, հայաստանյան և օտարերկրյա պաշտոնատար անձանց։

Մայրաքաղաքի միջազգային արվեստային լայնածավալ այս ցուցադրության բոլոր հյուրերն ու արվեստագետները գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն ոչ միայն հարստացնում են իրենց մասնակցությամբ, այլև համալրում են ցուցադրության բովանդակությունն ու իմաստը, նպաստում՝ Հայաստանի համար չափազանց կարևոր Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի կայացմանն ու անխափան ընթացքին։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ և երևանյան Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն, թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանից դուրս՝ միջազգային մասնագիտական հարթակներում կարճ ժամանակում մեծ ճանաչելիություն ձեռք բերեց և նույնքան էլ մեծ արձագանք ու ընդունելություն ստացավ։ Նման արդյունավետ ու սրընթաց զարգացում չէին ենթադրում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության աշխատակազմն ու բիենալեի կազմկոմիտեի անդամները, երբ առաջին անգամ նախաձեռնում էին Գեղարվեստական տպագրության երևանյան Առաջին միջազգային բիենալեն։

Վերջին հինգ տարիների ընթացքում գեղարվեստական տպագրության ոլորտը զարգացել և ճանաչում է ստացել, աճել է հետաքրքրությունը դրա նկատմամբ։ Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեն տարածաշրջանում ու աշխարհում բարձր վարկանիշ է ձեռք բերել և իր ուրույն տեղն է գրավել նաև նմանատիպ մի շարք միջազգային միջոցառումների ու փառատոների շարքում։

Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017-ից անցած այս կարճ ժամանակամիջոցում ակնհայտորեն նկատելի է այս ցուցադրությանը թե՛ մասնակիցների ու նրանց ներկայացրած աշխատանքների, և թե՛ դրանց որակների ու ծավալների կրկնակի աճը։ Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի շրջանակում կազմկոմիտեն հրավիրեց աշխարհի տարբեր երկրների արվեստագետներին՝ իրենց աշխատանքներն ընտրական առաջին փուլին ուղարկելու համար։ 67 երկրից 714 արվեստագետ միաջզգային մրցույթին մասնակցելու համար դիմեց գեղարվեստական տպագրության բազմատեսակ տեխնիկաներով ու ոճերով կատարված ավելի քան 2300 աշխատանքով։

Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի շրջանակում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության կողմից ձևավորված միջազգային ժյուրին (նախագահ՝ դոկտոր Մատեուշ Օտրենբա (Լեհաստան), փոխնախագահ՝ Լի Քան (Չինաստան), Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), Մեհդի Դարվիշի (Իրան), Սոնա Հարությունյան (Հայաստան)) ընտրություն կատարեց և մրցութային փուլում ներկայանալու համար հաստատեց 53 երկրի 353 արվեստագետի 496 աշխատանք։

Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ին մասնակցող արվեստագետների քանակով առաջին հորիզոնականն զբաղեցնում է Լեհաստանը՝ 73, որին հաջորդում են Հայաստանը՝ 30, Չինաստանը՝ 28, Հնդկաստանը՝ 21 և Ռուսաստանը՝ 16 արվեստագետներով։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը նախորդող օրերի ընթացքում Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի միջազգային ժյուրիի անդամներն ավարտական քննարկման արդյունքում կընտրեն մրցանակակիրներին, որոնց կշնորհվեն չորս հուշամեդալներ՝ Գլխավոր, Առաջին, Երկրորդ, Երրորդ մրցանակներ։

Առանձնակի ուշադրության արժանացած մասնակիցներին կշնորհվեն նաև «Ռուսաստանի մշակութային և գիտական կենտրոնի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ մրցանակներ, իսկ լավագույն աշխատանքները կարժանանան պատվոգրերի։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և բիենալեի կազմկոմիտեի համար մեծ պատիվ է մայրաքաղաք Երևանում ամբողջ աշխարհից գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող անվանի արվեստագետների 496 փորագրանկար ներկայացնելը՝ տարածաշրջանում բացառիկ հարթակ ստեղծելով ժամանակակից գեղարվեստական տպագրության շուրջ երկխոսության համար։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, գիտակցելով հայ արվեստում գեղարվեստական տպագրության առկայության և այս ոլորտում ստեղծագործող երիտասարդ նկարիչների կայացման կարևորությունը, հաշվի առնելով դաշտում գործող արվեստագետների նվաճումներն ու ներուժը, ինչպես նաև ամփոփելով այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, կուտակած փորձն ու առկա արդյունքները, 2017 թ. առաջին անգամ Երևանում կյանքի կոչեց Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017-ը: 73 երկրից փորագրանկարչության ոլորտում ստեղծագործող 955 միջազգային արվեստագետ դիմեց մասնակցության Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017-ին և կազմկոմիտեն ընդունեց գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով կատարված ավելի քան 3230 աշխատանք։

2017 թ. հոկտեմբերի 25-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում կայացավ Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017-ի բացման, իսկ հոկտեմբերի 28-ին՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, ապա հանրությանը ներկայացվեցին միջազգային ժյուրիի ընտրած չորս մրցանակակիրներն ու պատվոգրերի արժանացած միջազային արվեստագետները։

Գեղարվեստական տպարգության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ին մասնակցության հայտ ներկայացրեց 76 երկրի 1215 արվեստագետ՝ փորագրանկարչության բազմատեսակ տեխնիկաներով ու գեղարվեստական տպագրության ուղղություններով կատարված շուրջ 5000 աշխատանքով որոնցից բիենալեի միջազգային ժյուրին Երևանում վերջնական մրցույթում ցուցադրելու համար ընտրեց 47 երկրի 214 արվեստագետի 337 աշխատանք։

Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի Բացման հանդիսավոր արարողությունը կայացավ 2019 թ. սեպտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում։ Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը հատկապես կարևորվեց այն փաստով, որ անցկացվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։

101