«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է։

«Անկախության ողջ շրջանում, հատկապես վերջին 7-8 տարիներին, Հայաստանը եղել է տեղեկատվական հարձակումների թիրախ. այդ հարձակումների բովանդակության վերլուծությունը ու դրանց զուգորդումը հարձակումների այլ տեսակների հետ (շրջափակում, տնտեսական մեկուսացում, սահմանային միջադեպեր, ռազմական տարբեր տրամաչափի գործողություններ) թույլ է տալիս ենթադրել, որ նպատակը ապագայի նկատմամբ անորոշություն, կասկածամտություն եւ վախերի տարածման միջոցով երկրի հյուծումը, աղքատացումը ու ժողովրդագրական ճգնաժամի առաջացումն է։

Վաշինգթոնյան Խաղաղության հիմնադրամը (Fund for Peace) շուրջ 25 տարի ուսումնասիրում է պետությունների ամրությունը՝ ըստ էության պատասխանելով հարցին, թե որքանով են պետությունները ձախողված։ Fragile state index-ը՝ հիմնվելով 12 չափանիշների եւ տասնյակ ենթաինդիկատորների վրա, գնահատում է 180 պետությունների «փխրունությունը»։ Այդ չափանիշները ծածկում են հասարակարգի բոլոր ուղությունները՝ սկսած անվտանգային համակարգ, տնտեսություն, ժողովրդագրություն մինչեւ մարդու իրավունքներ (հղումը ստորեւ)։

Ըստ այդմ, ուսումնասիրված երկրների շարքում ամենափխրունը համարվում են Եմենը, Սոմալին եւ Սիրիան, իսկ ամենաամուրը՝ Իսլանդիան, Նորվեգիան եւ Ֆինլանդիան։

Հայաստանը, չնայած որ պատերազմի եւ համաճարակի արդյունքում 2020-ին գրանցել է որոշակի հետընթաց, եղել եւ մնում է մեծ տարածրջանի ամենաամուր կամ ամենաքիչ փխրուն պետությունը՝ էականորեն գերազանցելով Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնց «ամրությունը» 2020-ին նույնպես շեշտակի նվազել է։

Հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ «խաղաղության օրակարգը» կնպաստեն երկրի ամրության մակարդակի բարձրացմանը, իսկ տեղեկատվական հարձակումները մեր երկրի վրա շարունակվելու են, գլխավորը մեր հանրությունը տուրք չտա եւ չդառնա դրանց «զոհը»»։

340