Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար՝ հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ: 2019-ին առաջին անգամ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը գերազանցել է 2 մլրդ դոլարի մակարդակը՝ հիշեցրել է Գրիգորյանն ու հավելել, որ չնայած գլոբալ համաճարակի թելադրանքով քաղաքացիների տեղաշարժի և ապրանքների փոխադրման պարտադրված սահմանափակումներին՝ 2020-ին Հայաստանի Կառավարությանը հաջողվել է երկկողմ առևտրի ընդամենը մի փոքր անկում ունենալ: Ինչ վերաբերում է ընթացիկ տարում ապրանքաշրջանառությանը, աճն արդեն ակնհայտ է:

Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 1.9 մլրդ ԱՄՆ դոլար. աճը՝ 16 տոկոս: Ներմուծման աճը կազմել է 9 տոկոս, իսկ արտահանմանը՝ 36: Արտահանման հիմնական մասը կազմել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից ստացված արտադրանքը, ինժեներական արտադրանքը, գյուղատնտեսական ապրանքները, թեթև արդյունաբերությունը, քիմիական արտադրանքը և սննդամթերքը: Արտահանման ծավալների ավելացման ակնհայտ հեռանկարներ կան, առաջին հերթին` ոչ հումքային արտադրանքի: Այս ամենը վկայում է, որ ռացիոնալ կլիներ ակտիվացնել արդյունաբերական համագործակցությունը և համատեղ կորպորացիաների և արդյունաբերությունների զարգացումը, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան մրցունակ լինել արտաքին գործընկերների հետ:

1lurer.am

179