«Արևիկ» ազգային պարկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 423 հա տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13:34-ին, հրդեհ է բռնկվել, անմիջապես սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Սկզբնական օջախը գտնվում է գրունտային ճանապարհից մոտ 5.5 կմ հեռավորության վրա և դժվարանցանելի է: Հրդեհը շատ ուժեղ տարածվում է, քանի որ այնտեղ աճում են գիհու նոսրանտառ, առկա են չորացած թփեր, կաղնու և թխկու չորացած ծառեր, սակավաջուր է, ինչպես նաև ուժեղ քամիներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժեր, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման խումբը, բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներ, Մեղրիի «ՃՇՇՁ» աշխատակիցներ, N զորամասի զինծառայողներ, Մեղրիի համայնքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցներ, կամավոր քաղաքացիներ։

Ռելիեֆի անանցանելիության պատճառով տեխնիկա և լրացուցիչ միջոցներ հնարավոր չէ ներգրավել։ Սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Սեպտեմբերի 20-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ:

Սեպտեմբերի 20-ի արբանյակային մոնիթորինգի ունեցած տվյալներով այրվել է մոտ 423 հա տարածք: Այս պահի դրությամբ առկա են ծխացող օջախներ: Հետագայում վնասի, տարածքի և աղբյուրի առաջացման վերաբերյալ ավելի մանրամասն կտեղեկացվի: Այս պահին հրդեհի բռնկման տարածքում առկա են ծխացող օջախներ։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում տեղում։

192